ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Արորդու խաչը

Արորդու խաչը
17.10.2017 | 06:42

Նա շրջանցեց իր պատանեկությունը և քայլեց դեպի հասունություն, անցավ փորձությունների միջով և կրեց իր խաչը, կրեց պատվով, հավատով և քրիստոնեական սիրով:
Անհնար է կշռել խաչի ծանրությունը: Յուրաքանչյուրս իր խաչն է կրում, ոմանք` լուռ ցավով, մյուսները` տառապանքը դրոշ դարձրած, ոմանք էլ` ճանապարհի կեսին խաչը վայր են դնում և «գաղտագողի» հեռանում: Բայց. դե, խաչը չի ներում հեռացողին:


Երևանի Նալբանդյան փողոցում նրան ճանաչում էին մեծն ու փոքրը: Վտիտ, շարժուն և հայացքում հասուն այրին բնորոշ որձաքար կար: Նա դիրքերում էր, երբ ուրվագծվում էր հանրային վտանգ, նա «երևանյան ճշտի» կրողն էր և խնդիրներ էր լուծում, երբ ինչ-որ մեկը փորձում էր խախտել համակեցության նորմերը, մյուսն էլ, անվտանգության արժեհամակարգը արհամարհելով, ձգտում էր միջավայրում կայանալ որպես տեղական խաժամուժի առաջնորդ:
Նա դուրս եկավ ճանապարհ: Ռազմաճակատը շատերի ճակատը պճնեց պսակով, ոմանց ուսերին էլ իջեցրեց հաղթանակի դափնեպսակները:


Հաղթանակից հետո ազատամարտի մասնակիցները` զինվորից մինչև հրամանատար, հայտնվեցին «խաղաղ գոյակցության» ռազմաճակատում: Պսակակիր-դափնեկիրներից ոմանք աներեր գտան «Տաճար» տանող ճանապարհը, որը հասցնում էր բազալտակոփ դղյակ և մարմարակերտ շոգեբաղնիք: Քաղաքական համակարգը իսկույն բացեց դավերով խորիզված թատերախաղի վարագույրը հաղթանակի պտուղները վայելելու պատրաստ ազատամարտիկների առաջ: Շատերը սայթաքեցին լպրծուն գայթաքարերով շարված նորահայտ մայրուղու վրա, շատերը շեղվեցին մայրուղուց և վերադարձան իրենց սովալլուկ օջախը, որտեղ չարքաշ ընտանիքն էր և ամբարված կարոտը: Նաև` քաղաքական համակարգի քինոտ գթասրտությունը` մեկ-երկու մեդալի, երկու-երեք պատվոգրի, չորս-հինգ բուռ լոբու և ալյուրի տեսքով: Եվ ամենանշանակալիցը` տոնահանդեսներում վերին օթյակում մի պահ հայտնվելու, վերնադասայինների հետ մի պատառ հաց կիսելու վեհագույն պատիվը:
Գևորգ Գևորգյանը` որդին Ալեքսանդրի, ուղիղ 14 տարեկան էր, երբ ազգը կանգնել էր պատմության հերթական խաչմերուկում և պետք է կատարեր իր դարակազմիկ ընտրությունը` հնազանդվել և ծնկի՞ գալ, թե՞ անկախացնել Հայաստանը, միավորել Արցախը երկրին, այլ կերպ ասած` ջրել հայկական կենաց ծառը:


1989-ի ապրիլի 25-ին նա անդամագրվեց Հայոց ազգային բանակին` հռչակավոր ՀԱԲ-ին: Այդ օրը Գևորգը 14 տարեկան էր, սակայն հստակ գիտակցում էր, որ հայոց կազմավորվող բանակներին անհրաժեշտ է հատուկ մարտական պատրաստություն, որ նվիրումն ու արիությունը հաճախ բավարար չեն հաղթանակի համար:
1989-ին ազգային ազատամարտում լեռնանում էր մի այլ գաղափարակիր մարտիկ` Լեոնիդ Ազգալդյանը, որը ձևավորում էր հայկական բանակի հայեցակարգային հենքը, հանձին «Ազատագրության բանակ» զորամիավորման:
Նրանց բաժանում էին ափաչափ մի երկրամաս և կյանքի 33 տարիներ:
Գևորգը թրծվեց բազում մարտերում, հետագծեց իր մարտական ուղին նվիրյալ զինվորների հետ` Խոջալու, Շուշի-Լաչին, Լիսագոր և Դրմբոն, Չլդրան և Կիչան, շատ այլ գյուղեր և շեներ Հայաստանում ու Արցախում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսային մասսահայաց եզերքում:
Մարտերը կենաց-մահու էին: Պատանեկությունը Նալբանդյան փողոցին ի պահ հանձնած և որձաքարի կուռ ամրությունը աչքերում պահող խիստ վաղաժամ հասակ առած Գևորգը հրադադարի օրը 19 տարեկան էր և դեռ մանուկ հոգում սրբություն սրբոցի նման պահպանում էր հաղթական ուղու անմեկնելի բերկրանքն ու զինընկերների ողջակիզման կսկիծը:
Հայկական լեռնաշխարհի հյուսիսում հայկական Կենաց ծառը ծաղկում էր և փթթում, զի նրա զինվորները Թորգոմի տնից էին` Մովսես Գորգիսյան, Թաթուլ Կրպեյան, Սիմոն Աչիկգյոզյան, Լեոնիդ Ազգալդյան, Վազգեն Սիսլյան, Վլադիմիր Բալայան:


Տակավին երիտասարդ տղաներ (Մովսես, Թաթուլ, Վլադիմիր), լիարյուն ձևակերտված այրեր (Սիմոն, Լեոնիդ և Վազգեն) և մի մանչ` Գևորգը Գևորգյան:
Դպրոցական տարիներին նա իր «տաճարը» հայտնաբերեց, թաքուն բոլորից, սակայն, ի սպաս ամենեցուն: «Տաճարը» կերտեց և դարձավ «տաճարի» պատգամաբերը:
Մարտարվեստի տարբեր դպրոցներ էր նա ուսումնասիրում, յուրացնում դրանք և ի մի բերելով, ձևավորում էր որոշակի կրթարան: Պատերազմական գործողությունների թանկ դադարներում Գևորգը իր յուրացրած ռազմամարտական և մարտական ունակությունները փոխանցում էր զինընկերներին, մարզում Հատուկ նշանակության ջոկատի մարտիկներին:
Մի ափաչափ հեռու նրա ավագ գաղափարական կաթնեղբայր Լեոնիդը մարզում-կոփում էր հրամանատարներ և նրանցով համալրում արհեստավարժ հրամկազմի խիստ կարիք ունեցող հայոց մարտական ջոկատները:


Պատերազմի դեմքը մեկն է, դիմակները բազում են: Մարտի դաշտը անցյալում էր, պատերազմը` հրադադարի տիրույթում: Հրադադար: Սոսկալի մի բառ, որը ենթադրում է անթիվ դավեր, անկանխատեսելի քաղաքական զարգացումներ, որի թիրախը հայ զինվորն է, սպան է հայ, հողն է հայոց և ընկած զինվորի ու սպայի շիրմաքարը, դարձած մասունք, մի չսպիացող վերք` փառքով ընկած հերոս-նահատակների ընտանիքների և երկրի սրտում:
Գևորգը` արիաքրիստոնյա այս մարտիկը, հրաշալի գիտակցում էր պատմական իրավիճակի խորհուրդը: Պատերազմն ընդհատակում է ընթանում, սոցիալական ահարկու դևը պահանջում է սխրանքի հատուցում և, անպատճառ, նյութական բարիքների տեսքով ու բովանդակությամբ, ասենք, բաժնեմասով գործող մի ընկերությունում, հողատարածքով և այլնով:


Հասարակությունը հրադադարից հետո երկփեղկվում էր օր օրի: Հասարակությունը կորցնում էր իր հյուսիսն ու հարավը: Հասարակությունը դառնում էր պահանջատեր: Այլ կերպ ասած` հաղթող հայությունը և նրա ղեկավարությունը ներքաշվեցին փորձությունների տեղատվության մեջ: Գևորգը իր ուխտի զինվորն էր, իր խաչի կրողը: Ազգի հոգեկերտվածքի վերարթնացումը նրա նոր մարտն էր, ոչ պակաս նշանակալի, քան պատերազմական գործողություններն էին: Ազգը, հասարակությունը, ժողովուրդը պետք է վերադառնային ի շրջանս յուր, իրենց զարթոնքը, 1988-94 թվականները:
2010-ին Գևորգը հիմնադրում է «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական կենտրոնը: Անցած տարիների ընթացքում կենտրոնում ուսանել է հազարից ավելի անձ, 108-ը նրանցից օտարերկրացի են: Սա առանձնահատուկ կառույց է, որտեղ ուսումնասիրում են հայկական մարտարվեստ, ռազմագիտություն, ազգային գաղափարախոսություն, հայ ազգային մշակույթ: Սաները` 4-ից 70 տարեկան, երբեմն էլ ավելի հասակավոր: Այս աննախադեպ մարտարվեստը յուրահատուկ կիրառության շրջանակում է. հայերեն-մեսրոպակերտ տառերը ուրվագծվում են մարդու ֆիզիկական շարժումների տեսքով, ինչը և մարմնակրթությամբ անհատի ներաշխարհում սերմանում է ազգային մշակույթի ճանաչողություն և վերադարձ դեպի հայկական արմատները:


Սա մի զարմանահրաշ, աննախադեպ կրթարան է, Գևորգ Գևորգյանի բարձրակետային երազանքներից մեկը` հայ քաղաքացու հոգում սերմանել ազգային համախմբման գաղափարը: Կրթարանում քաղաքացի անհատը նախ հոգեպես, ապա և ֆիզիկապես պատրաստվում է «ազգ-բանակ-ընտանիք» համահայկական զինվորագրմանը: Այսպիսով, նա այն եզակի գործիչն է, որը սկզբունքորեն անտեսելով անձնական որևէ խնդիր, առաջնորդվում է հայկական աշխարհի կառուցմամբ խաղաղ պայմաններում, քաջ գիտակցելով, որ երկրի առջև մարտահրավերներ են ծառացել։


Կրթարանում մարտակոչեր չեն հնչում, առավել ևս չեն ծավալվում բանավեճեր` այս կամ այն օրախնդիր հարցերի շուրջ: Ազգային-հասարակական կենտրոնում համախմբված են մշակույթի, գրականության, ռազմական, հանրային կյանքի այլ ոլորտների գաղափարակիր ներկայացուցիչներ: Այստեղ է հենց այսօր ամբողջանում 3-րդ հանրապետության ճշմարիտ քաղաքացին: Երկրի քաղաքացին: Այստեղ այսօր դարբնվում է հայկական պետականությունը, որպես շնորհապետական հանրապետության նախօրինակ:
«Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը տեսանելի հեռանկարում իր մասնաճյուղերն է բացելու ՀՀ մարզերում, Արցախի Հանրապետությունում և հայաշատ համայնքներում:
Գևորգ Գևորգյանի և նրա կերտած կենտրոնի մասին ժամանակին նկարվեց և հանրության դատին հանձնվեց «Գաղափարի ուժը» փաստագրական ֆիլմը:

Որպես վերջաբան.
Սեպտեմբերի 1-ին Գևորգի դուստրը` 6-ամյա Անին, անցավ դպրոցի շեմը:
Յուրաքանչյուրս իր խաչն է կրում. ոմանք` լուռ ցավով, մյուսները` տառապանքը դրոշ դարձրած, ոմանք էլ` ճանապարհի կեսին խաչը վայր են դնում և «գաղտագողի» հեռանում:
Բայց դե, խաչը չի ներում հեռացողին:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ